ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջն իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ «Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։ Ակնկալում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսում»,- ասել է փոխնախարարը։
Ըստ Գալուզինի՝ փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարեւոր չէ. գլխավորն այն է, որ Բաքուն եւ Երեւանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն եւ արդար խաղաղություն տարածաշրջանում։
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցելու բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։