BBC-ի ռուսական խմբագրությունը ծավալուն հոդված է հրապարակել «Ինչի է վերածվում «հաղթանակի պաշտամունքը» ադրբեջանցի դպրոցականների համար» վերնագրով։ BBC-ի հոդվածագիրը շեշտել է, որ Ադրբեջանի դպրոցներում երեխաներին դաստիարակում են «ատի՛ր թշնամուդ» տեսակի կարգախոսներով: Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի հարեւան ժողովուրդները դեռ շատ հեռու են նրա հետ հաշտեցումից․ Բաքուն շարունակում է ապագա սերնդին մեծացնել պարտադրված հայրենասիրությամբ։
Պարբերականն ընդգծել է, որ Ադրբեջանում «հայամետ» բառն իրականում նզովք է, իսկ բոլոր հայամետները ծիծաղի առարկա են դառնում, որոնցից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է:
BBC-ն նկատում է․ 2021-ից Ադրբեջանի կրթության նախարարությունը հաստատել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, իսկ դրա զգալի մասը պետք է նվիրվի 44-օրյա պատերազմի ուսումնասիրությանը: Ադրբեջանցի մանկավարժներից շատերը խոստովանում են, որ հայրենասիրության քողի տակ երբեմն թաքնված է պետության պարտադրած ատելության քարոզ եւ ագրեսիա:
Հեղինակը, ուսումնասիրելով Ադրբեջանի դպրոցական դասագրքերը, մեջբերել է հայերի ենթադրյալ դաժանությունը նկարագրող հատվածներ, որոնք ադրբեջանցի երեխաների մեջ հայերի հանդեպ վրեժ, ատելություն եւ ագրեսիա են սերմանում: