Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 27-ին հրապարակել են համատեղ անգլերեն զեկույցը, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվել Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տեւող շրջափակման հետեւանքները։
Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը եւ վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները։ Դրանց արդյունքներով հետեւությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձեւավորման հիմնական միջոցներով եւ փորձված մեթոդների կիրառմամբ, դեռեւս նոյեմբերից պատրաստել եւ ուղղորդել է հանրային կարծիքը։ Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան շարունակել է լայնորեն կիրառել հայատյացության, մասնավորապես, Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները ՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։
Զեկույցում թարմացվել են նաեւ երեւան եկած նոր փաստեր կեղծ բնապահպանական ցույցի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։
Ըստ հաստատված պրակտիկայի՝ զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաեւ հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։