Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս ամբողջ աշխարհում մարդկանց միջեւ սահմանները կոտրել․ նախկինում առկա անհասանելիությունը այլեւս միֆ է։ Սակայն բացի դրականից դրանք ունեն նաեւ բացասական կողմեր. նպաստում են ապատեղեկատվական արշավների եւ կեղծ լուրերի տարածմանը։
Ապատեղեկատվությունը ներառում է կեղծ եւ համատեքստից դուրս տեղեկատվություն, որը տարածվում է խաբելու կամ մոլորեցնելու նպատակով հիմնականում այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են խեղաթյուրել հասարակական կարծիքը կամ կեղծ օրակարգեր ստեղծել ու ապահովել դրանց առաջխաղացումը։
Ապատեղեկատվությունը կարող են տարածել առցանց տարբեր դերակատարներ` ներառյալ կառավարությունները, պետության կողմից աջակցվող կազմակերպությունները, ծայրահեղական խմբերը եւ անհատները:
Սոցիալական ցանցերի ազդեցությունն անհերքելի է. Facebook-ում ամեն օր ներբեռնվում է մոտ 300 միլիոն նոր լուսանկար, Twitter-ում ամեն վայրկյան հրապարակվում է վեց հազար թվիթ, YouTube-ի ամենահայտնի ալիքները շաբաթական ավելի քան 14 միլիարդ դիտում են ունենում, իսկ Telegram հաղորդագրությունների հավելվածն ունի ավելի քան 500 միլիոն օգտատեր:
Սոցիալական մեդիա հարթակները միավորում են տարբեր հասարակությունների մարդկանց՝ հեշտացնելով տեղեկատվության փոխանակումը, ինչը ընդամենը երկու տասնամյակ առաջ անգամ աներեւակայելի էր: Սոցիալական մեդիա հարթակների ապատեղեկատվությունը նույնպես լայն տարածում է գտել. նման հարթակներն օգտագործվում են անկայունությունը խթանելու, քաղաքական կոնֆլիկտներ տարածելու եւ բռնության կոչեր անելու համար։
Օքսֆորդ համալսարանի անցկացված հետազոտությունների համաձայն, սոցիալական ցանցերում կազմակերպված ապատեղեկատվության արշավներ են իրականացվել առնվազն 81 երկրներում, եւ այս միտումը տարեցտարի շարունակում է աճել։
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը կարող է մեծացնել անկարգությունների վտանգը տարբեր քաղաքական միջավայրերում՝ սկսած ռեպրեսիվ/ավտորիտար (Չինաստան, Մյանմա, Վենեսուելա, Ռուսաստան եւ այլն) մինչեւ կիսաժողովրդավարական (Ֆիլիպիններ, Հնդկաստան, Ինդոնեզիա եւ այլն):
Ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում նաեւ տարածվել է այն երկրներում, որոնք պատմականորեն ունեցել են ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ` ներառյալ Միացյալ Նահանգները եւ Միացյալ Թագավորությունը, մասամբ ինստիտուտների նկատմամբ վստահության պակասի եւ ներքաղաքական ազդեցությունների պատճառով:
Օրինակ՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Twitter-ը բացահայտեց Ռուսաստանի հետ կապված ավելի քան 50,000 սպամ օգտատերերի հաշիվներ, որոնք տարածում էին ընտրությունների հետ կապված պառակտող նյութեր: Կլիմայի փոփոխության ժխտումը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ պատերազմը Սիրիայում այլ հարցեր են, որոնք նույնպես ապատեղեկատվության մեծ հոսք ստեղծեցին։
Կեղծ լուրերը տարածվում են ավելի արագ եւ ավելի լայն, քան ճշմարիտ տեղեկատվությունը, ասվում է 2018 թվականի հետազոտության մեջ, որը Science-ում հրապարակել են MIT Sloan պրոֆեսոր Սինան Արալը, Դեբ Ռոյը եւ MIT Media Lab-ից Սորուշ Ոսուղը: Նրանք պարզել են, որ կեղծիքի տարածումը Twitter-ում 70%-ով ավելի հավանական է, քան ճշմարտության:
Այս էֆեկտը քաղաքական նորությունների դեպքում ավելի է ընդգծված, քան մյուս ոլորտների: Հետազոտողները պարզել են, որ բոտերը նույն արագությամբ տարածում են ճշգրիտ եւ կեղծ տեղեկությունները, սակայն մարդիկ ավելի հակված են տարածելու կեղծ տեղեկատվությունը: Հիմնական պատճառն այն է, որ մարդկանց գրավում է նոր եւ անսովոր տեղեկատվությունը, ինչպիսին էլ հաճախ հենց կեղծ լուրերն են:
Ամենաշատ ապատեղեկատվության հոսքը կապված էր COVID-19 համաճարակի հետ։ Իհարկե հիմնախնդիրն առաջնային էր, նույնիսկ համաճարակին վերաբերող ապատեղեկատվությանը տրվեց անուն՝ ինֆոդեմիա։ Այս թեմայով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա եւ ՄԱԿ-ի ապատեղեկատվության դեմ պայքարի առաջամարտիկներից Գայ Բերգերն ասել է․ «Դժվար թե գտնվի որեւէ ոլորտ, որը չի տուժել ապատեղեկատվությունից՝ COVID-19 ճգնաժամի պատճառով»:
Հսկայական թվով կեղծիքներ կան կորոնավիրուսի մասին։ Օրինակ, Google-ի եւ Yandex-ի որոնման արդյունքների համաձայն, Կենտրոնական Ասիայում առաջին տեղը զբաղեցնում է այն ապատեղեկատվությունը, որ Չինաստանը իբր 20 միլիարդ դոլար է վաստակել կորոնավիրուսից։ Հաջորդ օրինակն այն է, որ COVID-19-ի ենթադրյալ բուժման մասին մի շարք առասպելներ հայտնվեցին վերնագրերում:
Ըստ The Washington Post-ի՝ Նյու Յորքի համալսարանի եւ Ֆրանսիական Գրենոբլ Ալպերի համալսարանի հետազոտողները պարզել են, որ 2020 թվականի օգոստոսից մինչեւ 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ապատեղեկատվության հայտնի մատակարարների հոդվածները ստացել են 6 անգամ ավելի շատ հավանումներ, վերահրապարակումներ, քան օրինական կայքերի լուրերի հոդվածները:
Ապատեղեկատվությունը կարող է անհավատալի արագ տարածվել՝ շնորհիվ տեխնոլոգիաների, արագության եւ ինտերնետի հասանելիության:
Ըստ MIT Sloan-ի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդի եւ Գորդոն Փենիքուկի, մարդիկ, ովքեր ցրում են ապատեղեկատվություն, ավելի շուտ ծույլ են, քան` կողմնակալ: Նրանց 2018-ի ուսումնասիրությունը, որը մարդկանց խնդրում էր գնահատել նորությունների վերնագրերի ճշգրտությունը Facebook-ում, ցույց տվեց, որ վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ, ավելի հավանական է, որ տարբերեն ճիշտը կեղծից՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից:
Ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցը շարունակում է մնալ քննարկման բարդ թեմա: Այնուամենայնիվ` փորձագետներն ընդհանուր առմամբ համաձայն են, որ հասարակության եւ սոցիալական մեդիա ընկերությունների միջեւ համագործակցությունը կարեւոր է, եւ որ ապատեղեկատվության տարածման զսպումն անխուափելի է:
Քրիստինե Խանոյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: