ՀՀ լրագրողական կաղմակերպությունները հայտարարություն են տարածել, որ դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ Ադրբեջանը փակեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծվել է ոչ միայն հումանիտար խոր ճգնաժամ 120 հազար արցախցիների համար, այլ նաեւ անհնարին է դարձել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն այդ թեժ գոտում։ Վերջիններս զրկված են ազատ տեղաշարժվելու, իրադարձությունների կիզակետում իրավիճակին ծանոթանալու եւ խնդիրը լուսաբանելու հնարավորությունից։
Երեւանից դեպի իրադարձությունների վայր մեկնող լրագրողներին ու օպերատորներին ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել Գորիսից այն կողմ անցնել, կամ եթե հաջողվել է հաղթահարել այդ անհիմն արգելքը, նկարահանող խմբերը հասել են առավելագույնը մինչեւ Լիսագոր գյուղ, որտեղ արդեն ռուս խաղաղապահներն են արգելել շարունակել ճանապարհը։ Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն պաշտոնական Բաքվի քարոզչությունը տարածող ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հրապարակումներում խեղաթյուրում են ակնհայտ փաստերը եւ թյուրիմացության մեջ են գցում թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։ Արդյունքում հայաստանյան մեդիա լսարանը եւ միջազգային հանրությունը հնարավորություն չունեն օբյեկտիվ տեղեկություններ ստանալու ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարության հեղինակները ՀՀ Կառավարությունից, ԱԱԾ-ից եւ ՀՀ ոստիկանությունից պահանջում են դադարեցնել անհիմն խոչընդոտումները եւ առավելագույնս աջակցել հայաստանյան լրատվամիջոցներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում՝ նշելով, որ դա բխում է նաեւ ՀՀ պետական եւ ազգային շահերից։ Հայտարարության հեղինակները համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին կոչ են անում Արցախյան հակամարտության գոտի գործուղելու իրենց թղթակիցներին ու նկարահանող խմբերին, ակտիվորեն լուսաբանելու Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով առաջացած հումանիտար ծանր ճգնաժամը եւ դրանով իսկ կանխելու ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում։
Հայտարարությանը միացել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Լրագրողների «ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Գորիսի մամուլի ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» եւ «Ֆեմիդա» ՀԿ-ները։