ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է որակել։
Արմեն Գրիգորյանը, նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միանալու վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Երեւանին պարտադրում են իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել։ Հենց այդ նույն համատեքստում էլ Գրիգորյանը տեսնում է Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակը։ «Դուք նշեցիք Բելառուսի դեսպանի հայտարարությունը Միութենական պետության հետ կապված։ Բնականաբար Հայաստանի հանդեպ ճնշումները նաեւ այստեղից են գալիս։ Եվ երբ ժողովրդավարական համակարգն ու Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում են դրան, այլ ճնշում են ստանում՝ ռազմական տեսքով»,- ասել է Գրիգորյանը։
«Նման հայտարարությունները կարելի է դիտարկել որպես սադրիչ։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ռուս պաշտոնյաներից որեւէ մեկը դա չի ասել, եւ ոչ մեկի միջոցով դա չի ներկայացվել հայկական կողմին»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հայտարարել էր, որ իր դիվանագիտական առաքելության սկզբնական շրջանում նշել էր, թե Միութենական պետությունում երրորդ երկիր է պակասում։ Դեսպանը չէր հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն նշել էր, որ հայ եղբայրներն իր հետ համամիտ են։ Դիվանագետը նաեւ համոզմունք էր հայտնել, որ Միութենական պետությունը դեռ զարգանալու է։