Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցը թողնել ապագային, սակայն դա Ադրբեջանի համար անընդունելի է: «Առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ»,- նշել է Բայրամովը։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե ռուսական խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեության մասին ոչ մի փաստաթուղթ չկա, նման փաստաթղթի շուրջ հիմա էլ աշխատանք չի տարվում:
Նա խոսել է նաեւ տարածաշրջանային «3+3» ձեւաչափի մասնին, կարծիք հայտնել, որ այն օգտակար է: Ըստ նրա՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը հարեւան երկրների հետ բարեկամական, փոխշահավետ համագործակցության զարգացումն է: «Վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Ադրբեջանի դիրքորոշումն է, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու շրջանակներում»,- նշել է Բայրամովը: