Ըստ Ստամբուլում գործող հայկական «Ակոս» պարբերականի՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանը դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»։
Պոլսահայ պատգամավորը նշել է, որ Կովկասում խաղաղության եւ հանգստության հաստատումը, բախումների եւ լարվածության կանխումը նաեւ Թուրքիայի շահերից են բխում։
«Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա ե՛ւ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, ե՛ւ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»,- շեշտել է Կարո Փայլանը։