ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է որակել այն հանգամանքը, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը չի անցել պատշաճ հասարակական եւ մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը:
Առաջարկվող իրավակարգավորումները հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող եւ համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, ՀՀ տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաեւ արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը: «Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության եւ տեղեկատվության մատչելիության իրավունքները»,– նշել է Գրիգորյանը։
Այս առումով միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում պաշտպանը եզրահանգել է, որ նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության եւ տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։ «Նախագծով չեն նախատեսվել նաեւ այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաեւ թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները»,- շեշտել է Պաշտպանը։
Գրիգորյանն ընդգծել է, որ կարծիքի արտահայտման ազատությունը եւ այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար եւ զարգացման կարեւոր նախապայման, ունեն ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։ Պաշտպանը կոչ է արել նախաձեռնողներին ոլորտի մասնագետների եւ պատասխանատուների ներգրավմամբ լրամշակելու նախագծի խնդրահարույց դրույթները։