ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի (Հաագա) մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանը դիմել է դատարան, որպեսզի վերջինը պարտավորեցնի Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Հայկական կողմի ուղարկած փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղում 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, եւ որեւէ նախանշան չկա, որ այդ շրջափակումն առաջիկայում կվերացվի։
Ըստ այդմ` երկու երկրների միջեւ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ վարույթի շրջանակում Հայաստանը խնդրել է միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի վրա դնելով շրջափակումը վերացնելու եւ Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների ազատ տեղաշարժն ապահովելու պարտավորություններ։