Ըստ ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակի հրապարակման՝ կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը 2023 թվականի հունվարի 1-ից այլեւս չի գործի: Որոշումը չի ազդի գործող թոշակառուների վրա, փոփոխությունները հիմնականում վերաբերում են միգրանտներին:
ԵԱՏՄ երկրների հետ Ռուսաստանն արդեն նոր համաձայնագիր է կնքել։
Կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին 10 երկրի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի միջեւ:
Ըստ այդ փաստաթղթի՝ կենսաթոշակները նշանակում ու վճարում է անձի մշտական բնակության պետությունը՝ անկախ մարդու քաղաքացիությունից։ Միեւնույն ժամանակ հաշվի են առնվում ԽՍՀՄ-ի տարածքում մինչեւ 1992 թվականը ձեռք բերված աշխատանքային ստաժը, իսկ մասնակից երկրների տարածքում` նաեւ 1992 թվականից հետո ունեցած ստաժը: