ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ ապագայի խթանմանը: «Շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաեւ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- ասել է Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների միջեւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած հանդիպումների մասին: Փրայսը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակելու է անել այն, ինչը, ԱՄՆ-ի գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը:
«Իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսը դարձյալ շեշտել է, որ կշարունակեն համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար: