Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը չի բացառել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջիկա շաբաթների ընթացքում այցելի Թուրքիա։
«Նման այց նախապատրաստվում էր, որոշ պատճառներով այն հետաձգվել է։ Ներկայում արարողակարգային ծառայությունները բանակցում են, կարծում եմ՝ առաջիկա շաբաթների ընթացքում այցը տեղի կունենա, հստակ օր դեռ չկա»,-թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Քալընը։
Ըստ նրա` Անկարան մտահոգված է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, տեսնում է պաշտոնական Թեհրանի վճռականությունն այդ առումով։ «Մեզ եւս, ինչպես եւ Բաքվին, մտահոգում են իրանական կողմի որոշ հայտարարություններ։ Այդ առիթով եռակողմ բանակցությունների անցկացումը կարող էր կարգավորել բոլոր այդ պահերը»,- շեշտել է Քալընը։
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ Իրանն արձագանքելու է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։