Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալիռեզա Թանհային, ելույթ ունենալով «Ալ Քուդս» բրիգադի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին նվիրված միջոցառմանը, Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դասեր քաղելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ չկրկնելու Սադամ Հուսեյնի սխալները:
Նա նշել է, որ Սադամ Հուսեյնը հարձակվել էր Իրանի վրա, երբ ամբողջ Իրանում գործում էին տասնյակ անջատողական, ապստամբող եւ ահաբեկչական խմբավորումներ՝ կարծելով, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, գործ կունենա միայն այդ նահանգի ժողովրդի հետ։
«Յուրաքանչյուր երկիր, որ ցանկանում է ներխուժել Իրանի տարածք, չպետք է սխալվի իր հաշվարկներում եւ իմանա, որ գործ կունենա Իրանի ամբողջ ժողովրդի հետ, քանի որ մեր երկիրը միասնական է՝ բաղկացած տարբեր էթնիկ խմբերից՝ տարբեր համոզմունքներով»,- շեշտել է գեներալը: