Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաշվի առնելով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ հրադադար հաստատելու առաջարկը՝ կարգադրում է Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել հունվարի 6-ի 12.00-ից մինչեւ հունվարի 7-ի 24.00-ն: Կարգադրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում: «Պայմանավորված այն հանգամանքով, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հայտարարելու հրադադարի ռեժիմ եւ հնարավորություն տալու նրանց Ճրագալույցի, ինչպես նաեւ Քրիստոսի ծննդյան օրը մասնակցելու պատարագին»,- ասված է Պուտինի հրամանագրի մեջ:
«Ռուս ուղղափառ եկեղեցին հեղինակություն չէ համայն ուղղափառների շրջանում եւ հանդես է գալիս սոսկ իբրեւ պատերազմի քարոզիչ»,- արձագանքելով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կոչին՝ իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա հավելել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին բազմիցս հանդես է եկել ուկրաինացիներին ցեղասպանելու կոչով, ողջունել է զանգվածային սպանություններն ու պնդել, որ ՌԴ-ն էլ ավելի պիտի ռազմականացվի։ «Հետեւաբար սուրբծննդյան հրադադարի վերաբերյալ Ռուս ուղղափառ եկեղեցու հայտարարությունը ցինիկ ծուղակ է եւ քարոզչական տարր»,- շեշտել է Պոդոլյակը։
Պուտինի հրամանագրի հրապարակումից հետո Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան նման առաջարկ չի ընդունի։ «Նախ, Ուկրաինան չի գրոհում օտար տարածքը, չի սպանում քաղաքացիական բնակչությանը, ինչպես դա անում է ՌԴ-ն։ Երկրորդ, Ուկրաինան ոչնչացնում է բացառապես իր տարածք ներխուժած բռնազավթող բանակի անդամներին»,-շեշտել է Պոդոլյակը եւ հավելել, որ ՌԴ-ն պետք է լքի իր բռնազավթած տարածքները, եւ միայն այդ դեպքում նրա համար կսկսվի «ժամանակավոր հրադադարը»։ «Ձեր երեսպաշտությունը ձեզ պահեք»,- եզրափակել է Զելեսնկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն իր հերթին հայտարարել է, որ Կիեւը չի աջակցի սուրբծննդյան հրադադարին, որն առաջարկել է Ռուսաստանը։
Ավելի ուշ մեկնաբանելով զինադադարից Կիեւի հրաժարվելը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է զոհաբերելու իր ժողովրդին ու երկիրը հանուն Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի: