Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետն ու նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա հավատացյալներին Վրաստանում եւ ամբողջ աշխարհում: «Թող բարության եւ առաքինության այս մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն բերի ձեզ եւ ձեր ընտանիքներին»,- նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ֆեյսբուքյան գրառման մեջ շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ։ «Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին եւ մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ եւ մեծ տոնով նշում են Սուրբ Ծնունդը եւ Աստվածահայտնության տոնը»,- գրել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ վրացի եւ հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության եւ բարիդրացիության։ Վարչապետն ուրախություն է հայտնել, որ այդ հարաբերություններն ավելի են խորանում։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եւս միացել է շնորհավորանքներին։ «Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն, վիրահայությանը եւ ողջ աշխարհում բոլոր հայերին, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ։ Թող այս տոնը ուրախություն, բարություն եւ բարօրություն բերի ձեր ընտանիքներին»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Պապուաշվիլին։