Թուրքական Habertürk հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Թուրքիան եւ Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են ընդունել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները։ «Երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջեւ բանակցությունների արդյունքում վերացվել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ բեռնափոխադրման խոչընդոտները, ինչը հնարավոր է դարձել 2023-ի հունվարի 1-ից։ Աղբյուրները հայտնել են, որ այդ որոշման մասին Թուրքիայի առեւտրի նախարարությունը տեղեկացրել է թուրք Արտահանողների ասոցիացիային»,- հայտնել է հեռուստաալիքը։
Թուրքական լրատվամիջոցները 2022-ի դեկտեմբերի սկզբին գրում էին, որ տարեվերջին պետք է երկու երկրների միջեւ օդային բեռնափոխադրումներ սկսվեն։ Սա ենթադրում է, որ թուրքական ապրանքներն արդեն ուղիղ Հայաստան կհասնեն:
Լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ թուրքական կողմը հունվարի 6-ին հայկական կողմին տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Նա հիշեցրել է, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022-ի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: