Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով օրեր շարունակ բժիշկների հսկողության տակ գտնվող երեք հիվանդներ՝ հունվարի 7-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» եւ «սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս խնամյալներ։
Ներկա պահին Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 13 երեխա, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկներն անում են հնարավորը հիվանդների նրանց վիճակը կայունացնելու համար։
Լաչինը փակ լինելու պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռեւս դադարեցված են։
Առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ընդհանուր 13 հիվանդի, որոնցից երկուսը 4 եւ 2 ամսական երեխաներ են: