Ըստ BBC-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո հանրապետականների առաջնորդ Քեւին ՄաքՔարթին ընտրել է Կոնգրեսի խոսնակ: Նիստի վարող Շերիլ Ջոնսոնը հայտնել է, որ ՄաքՔարթին ստացել է 216 ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը՝ 212 ձայն։
Քվեարկության նախորդ փուլում ՄաքՔարթին հավաքել էր նույնքան ձայն, սակայն դա բավարար չէր հաղթանակի համար։ Իսկ վերջին փուլում վեց կոնգրեսականներ չեն քվեարկել թեկնածուներից ոչ մեկի օգտին, եւ դա ապահովել է ՄաքՔարթիի հաղթանակը։
Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը համարվում է ԱՄՆ-ում ամենակարեւորներից երրորդը: Այն թափուր լինելու դեպքում պալատի աշխատանքը կաթվածահար է լինում, քանի որ օրենսդիրները չեն կարողանում երդվել եւ անցնել օրինաստեղծ գործընթացին: Վերջին անգամ 100 տարի առաջ` 1923-ին է նման բան եղել, որ կոնգրեսականները չկարողանան առաջին անգամից խոսնակ ընտրել, իսկ նախքան այդ՝ միայն քաղաքացիական պատերազմին նախորդող ժամանակահատվածում։