Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ «Սուրբծննդյան տոների ժամանակ չեմ դադարում հայերի մասին մտածելուց, որոնց հղում եմ իմ հույսերն ու խաղաղության մաղթանքները»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է խորհրդարանի նախագահը։
Նա Հայաստան կժամանի մի խումբ պատգամավորների՝ Վալերի Ռաբոյի, Ժան Լուի Բուրլանժի, Անն Ժենետեի, Անն-Լորանս Պետելի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը։
Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը մի բանաձեւ ընդունեց, որը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւ պահանջում է անհապաղ դուրս գալ Ադրբեջանի բռնազավթած տարածքներից։ Նոյեմբերի 15-ին նման բանաձեւ էր ընդունել նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը՝ Սենատը։