Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Ռուսաստանի իշխանությունները ձմեռվա ընթացքում մտադիր են գործող բանակում զորահավաքում ընդգրկել եւս 500 հազար մարդու։ Զորահավաքը կմեկնարկի Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի տոնական շրջանից հետո, հավանաբար հունվարի 15-ին։ Իշխանություններին անհրաժեշտ կլինի մոտ երկու ամիս, որպեսզի կարողանան ձեւավորել եւ կազմավորել նոր զորամիավորումներ նոր զորակոչվածներից։
Ռուսական կողմի հաջողությունը կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով այդ նոր կազմվելիք զորամասերը զինված ու մարտունակ կլինեն։ Ուկրաինական կողմի համար հաջողությունը մարտի դաշտում կախված կլինի Արեւմուտքի՝ Կիեւին հատկացվելիք ռազմական մատակարարումներից։
Ուկրաինական հետախուզությունում ենթադրում են, որ արդեն գարնանը ռուսական կողմը մի շարք հարձակողական գործողություններ կնախաձեռնի Դոնեցկի, Խարկովի եւ Զապորոժիեի ուղղություններով, կամրացնի պաշտպանությունը Խերսոնում եւ Ղրիմում, եւ այդ բոլոր գործողություններում նոր զորակոչվածներն ունենալու են առանցքային դերակատարություն։ Ընդ որում, եթե առաջիկա 6-8 ամիսներին ռուսական կողմը զգալի հաջողությունների չհասնի, նախագահ Պուտինի ծրագրերը վերջնականապես կձախողվեն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը