Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացը եւ խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման եւ ստեղծված իրավիճակի հումանիտար հետեւանքների առնչությամբ։
«Կոչ ենք անում լիարժեք վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- հայտնել են դեսպանատնից։ Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Միացյալ Նահանգների ձեռնարկած քայլերին՝ ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ ՀՀ Կառավարության պահանջներին համահունչ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արձագանքել է Հայաստանում գտնվող տեղահանված անձանց կարիքներին։