ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ մոտ 20-օրյա խիստ չոր եւ տաք եղանակից հետո, ինչպես եւ կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։
Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, հանրապետության մյուս շրջաններում, դրանց թվում՝ Երեւանում, մինչեւ հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակի պարզեցման հետեւանքով հունվարի 9-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի։