Մոտ 13 տարի առաջ համազգային մի առաջնորդ Ազատության հրապարակի ամբիոնից կարդաց՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի: Սա Ղարաբաղի հարցի լուծման վերջին ակորդն էր:
Ոչ ոք չհասկացավ, թե ինչ է ուզում այդ մարդը: Չարենցի էջն այդ ժամանակ փակվեց: Այսինքն՝ այդ օրը հնչեց կրակոցը ուղիղ Ղարաբաղի վրա: Այդ օրը սպանվեց ավելի քան 4 հազար «տրեխավոր մարդ», որոնց հաշվելու էին ուղիղ 12 տարի հետո:
Բայց ո՞վ գիտեր դա: Ոչ ոք: Հետևաբար թվաց, թե «Մահվան տեսիլի» էջը փակվել է կրնկի վրա, ու այն կբացվի 2018-ին: Որովհետև եթե չես հասկացել, նշանակում է` իմաստավորողը դեռ չի եկել:
Ու նա «եկավ»…
Եկավ մեկ այլ առաջնորդ, որն իր երբեմնի կուռքի ինքնազոհության փաստարկների մասին ասաց՝ այդ մարդը ոչ մի նոր բան չի ասում: Հետո առաջարկեց իր Չարենցը՝ «Երկիր Նաիրին»: Այսինքն` թաղել հին մեռելներին: Ու սա ճիշտ էր: Բայց Քրիստոսը հին մեռելներին թաղելու կոչը չարեց ինքնազոհության պատուհանը փակելով: Նա կոչ էր անում թաղելու այն մեռելներին, որոնք երբեք էլ կյանքի օրինակ չեն եղել:
Այո՛, Ղարաբաղն ինքն էր մղվում դեպի «մեռելի» այդ ստատուսը: Եվ ամբողջ Հայաստանը ձեռք ձեռքի տված նրան մղում էր մահվան, որի համար ոչ մի զոհաբերության պատրաստ չէր:
Բոլորն էլ գիտեին, որ զոհ լինում են անձնական օրինակով: Բոլորն էլ գիտեին, որ զոհը մեռելներից կենդանի է, որովհետև «եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, միայն ինքը կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կտա»:
Երբ պատերազմը սկսվեց, Ղարաբաղն արդեն «փտել» էր: «Կարսը» կենդանության ոչ մի նշան ցույց չէր տալիս, երբ տասնյակ մազութի համոներ խոսում էին այն մասին, թե հարցը լուծել ենք, հարցը վաղուց փակված է:
Կարսում ոչ մի Մեռելի Ենոք հարց չի լուծում, նա լավագույն դեպքում վիճակագիր է, նա ամփոփում է մեռելին: Ոչ մի Մազութի Համո հարց չի լուծում, նա ոգեկոչում է մեռելին: Ոչ մի պարոն Մարուքե հարց չի լուծում, նա ուսյալ մեռել է:
Եվ հիմա ամբողջ ազգին ավետվում է, որ մնացել է միայն մի Հայաստանի Հանրապետություն, մնացածը միֆ է, ուղեղային մորմոք: Իհարկե, այսօր դա փաստ է, որը մենք ժառանգել ենք մեռելներից:
Եվ, ուրեմն, ի՞նչ երաշխիք, որ այս Հայաստանի մեջ չկա մեռելի այդ վիրուսը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: