Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 9-ին ընդունել է Եվրամիության տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ:
Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Կողմերն անդրադարձել են դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։
Քննարկվել են նաեւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: