Հունվարի 9-ից «Ալիք Մեդիան» սկսում է «Ուկրաինա։ Պատերազմ» խորագրով հրապարակումների շարք, որի նպատակը ռուս-ուկրաինական պատերազմի չերեւացող կողմերը ցուցադրելն է։
Անցած տարվա նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը մեր նկարահանող խումբը, համագործակցելով «Old World» կազմակերպության հետ, եղել է Ուկրաինայում։ Նկարահանումներն արվել են Կիեւի մերձակա այն բնակավայրերում, որոնք 2022 թվականի փետրվար-ապրիլին բռնազավթել էին ՌԴ զորքերը, մասնավորապես՝ Իրպեն, Բուչա, Մակարով, Կալինովկա, Կոզարովիչի, Բորոդյանկա, Անդրեեւկա։ Եղել ենք նաեւ Խարկովում, Խարկովի մարզի Իզյում քաղաքում, Դոնեցկի մարզի Դոլինա եւ Լիման բնակավայրերում։
Ուկրաինայի եւ Հայաստանի ոչ միանշանակ հարաբերությունները, Ուկրաինայի քաղաքական շահի բնական համընկնումը Ադրբեջանի շահերի հետ մեզ հեռու պահեցին քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներից՝ առավել չափով արձանագրման առարկա դարձնելով պատերազմի հումանիտար ասպեկտը։
Պատերազմը պատերազմ է ամեն տեղ, եւ մարդկային պատմությունը ողբերգական երեւույթը բացահայտելու լավագույն ձեւն է։ Հատկապես որ շատ դեպքերում կան մեր տեսածն ու ապրածը համեմատելու եզրեր։
Փորձելով բացահայտել Ռուսաստանի հռչակած դենացիֆիկացիայի (ապաազգայնականացում) կազմաբանությունը, որը կհուշեր նաեւ գլոբալ հակամարտության պատճառները՝ զրուցել ենք Ուկրաինայում բնակվող այլ ազգերի ու կրոնների ներկայացուցիչների հետ՝ հայեր, թաթարներ, հրեաներ եւ այլք։
Ապշեցնող է պատերազմից հետո (ինչու ոչ՝ նաեւ առաջ) ձեւավորված համախմբման այն մթնոլորտը, որում քաղաքացիության գիտակցումը գերիշխում է ազգային պատկանելությանն ու զգացումներին։
Հայ, վրացի, թաթար, բելառուս, ադրբեջանցի, անգամ ռուս քաղաքացիները ուկրաինացիների հետ ուս ուսի պայքարում են Ուկրաինայի անկախության եւ տարածքային ամբողջականության համար՝ տիտղոսային ազգի կողմից երբեւէ արժանացած չլինելով «օտար» կամ «եկվոր» քամահրական պիտակին։
Սա հենց այն դեպքն է, երբ Ռուսաստանի հռչակած դենացիֆիկացիայի անհրաժեշտությունը կարող է նկատվել որպես վատ հորինված պատրվակ։
Եվ այս հորինվածքի զոհն են դառնում միլիոնավոր մարդիկ՝ կորցնելով կյանքը, առողջությունը, տունն ու կահ-կարասին, վտարանդվելով եւ ժամանակավոր բնակություն հաստատելով այլ երկրներում։
Ուկրաինա մեկնելու ճանապարհին անընդհատ մտածում էի, թե ինչպես կընդունեն մեզ՝ Հայաստանից ժամանած լրագրողներիս, երբ պատերազմող այդ երկիրը համաշխարհային մասշտաբի լրատվամիջոցների մշտական ուշադրության կենտրոնում է։ Պարզվեց՝ սպասում էին եւ կարեւորում նախկին Խորհրդային Միության հանրապետությունից եկած խմբի աշխատանքը։
Ուկրաինայում շատերի կարծիքով սա պատերազմ է Խորհրդային Միության հետեւանքների դեմ, եւ շատ կարեւոր է, որ մյուս հանրապետություններում առաջին ձեռքից տեղյակ լինեն արդեն ութ տարի ձգվող ռուս-ուկրաինական հակամարտության իրողություններին։
Հունվարին եւ փետրվարին շաբաթը երեք անգամ պարբերականությամբ կներկայացնենք մեր 14-օրյա ուղեւորության ընթացքում հավաքած նյութերը հոդվածների, տեսապատումների եւ ֆոտոպատմությունների միջոցով։
Ստորեւ ներկայացվող հոլովակը հակիրճ ներկայացնում է մեր նկարահանումների մի մասը։
Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» եւ «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կողմից իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների եւ հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: Նախագծում արտահայտված մտքերը հեղինակինն են եւ կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի եւ ՄՆԿ-ի տեսակետները։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։