ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022-ի ընթացքում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահի դրությամբ ընդգրկված քաղաքացիներին։
2022-ին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։ 2023-ին եւս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը․ որպես շահառուների նոր խումբ կընդգրկվեն մինչեւ 1940-ի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։ Հաշվառման նպատակով քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն։
«Ավանդատու քաղաքացիները հնարավորություն ունեն գումարը ստանալու ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով»,- նշված է գրառման մեջ: