Հունվարի 3-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ եւ ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ակնհայտ մտահոգություն է հայտնել Իրան-Հայաստան համագործակցության որոշ դրվագների առնչությամբ։
«Իրանի հայաստանամետ դիրքորոշումները, հայտարարությունները տխրեցնում են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ մեզ։ Մենք դրա մասին եւս խոսում ենք իրանական կողմի հետ եւ ցանկանում ենք ավելի մանրամասն խոսել»,- հայտարարել է Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, թե Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը կախված են այն առողջ հաղորդակցությունից, որը հաստատելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը։
Թուրքիայի նախագահի խոսնակն ակնարկել է Իրան-Ադրբեջան լարվածությունը, որը, ինչպես ցույց տվեց 2022-ը, որոշակիորեն սրվելու միտում ունի։ Քալընը հայտնել է առաջիկայում Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հարթակում առավել կենտրոնացված եւ մանրամասն քննարկելու մտադրության մասին։