Ըստ Արցախի հանրային հեռուստատընկերության՝ Արցախի բուժհաստատություններում շարունակում են հետաձգել պլանային վիրահատությունները: Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակ է, դեղորայքի եւ բժշկական նյութերի պակասը՝ զգալի: Հանրապետական բժշկական կենտրոնում ներկայում բուժվում է 91 քաղաքացի: Նրանցից 13-ը վերակենդանացման բաժանմունքում է, 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տոնական օրերին անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատել են գերլարված գրաֆիկով: Լաչինի միջանցքի փակվելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից Երեւան է տեղափոխել 17 հիվանդի եւ դեղորայք է մատակարարել:
Ըստ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Կարեն Մելքումյանի՝ դա բավարար չէ, որ անգամ լաբորատոր պլանային միջոցառումները վերսկսեն: Մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներից 13-ը նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում են: Որոշ մասնագետների բացակայությունը փորձում են լրացնել հայաստանյան գործընկերների օգնությամբ: Վիսցերիալ լեյշմանիոզ ախտորոշմամբ Ստեփանակերտից Երեւան տեղափոխված փոքրիկի առողջական վիճակը կայուն է, արձանագրվել է դրական դինամիկա: