Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանելով Կրետե կղզու մոտ ծովային սահմանները փոխելու՝ Հունաստանի ծրագրերի մասին հաղորդագրությունները, հայտարարել է, որ Անկարան իր հարեւան եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին թույլ չի տա Էգեյան ծովում առկա տարածքային ջրերի սահմանների՝ ներկա 6 մղոնից մինչեւ 12 մղոնի ընդլայնում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքել է Հունաստանի մեղադրանքները, թե Անկարան վարում է «նեոօսմանյան, ռեւիզիոնիստական եւ ծավալապաշտական քաղաքականություն»՝ ընդգծելով, որ իր երկիրը կողմ է Աթենքի հետ առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելուն։
«Թուրքիան ոչ ոքի չի սպառնացել եւ չի սպառնում, ներառյալ՝ Հունաստանին, այն ՆԱՏՕ-ի ուժեղ, հուսալի դաշնակից է, եւ ցանկանում ենք, որ բոլորն իմանան դրա մասին»,- ասել է Աքարը։ Վերջինս Հունաստանին բազմիցս զգուշացրել է Անկարայի դեմ «լարվածության քաղաքականության» եւ Էգեյան ծովում առկա ստատուս քվոյի խախտման հետեւանքների մասին։