Որքան փնտրեցի, հաստատում չգտա, որ խորհրդային Ադրբեջանը նշած լինի Գյուլիստանի կամ Թուրքմենչայի պայմանագրի հոբելյանական տարեդարձը։ Մենք, մինչդեռ, տոնել ենք «Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակը»։ Եվ, եթե չեմ սխալվում, այդ առթիվ Երեւան էր եկել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ուստինովը։ Պատմաքաղաքական իրադարձությունն, ուրեմն, Մոսկվան կարեւորել էր հենց ռազմական իմաստով։ Որ «հայերն իրենց ֆիզիկական գոյությամբ եւ նոմինալ պետականությամբ պարտական են Ռուսաստանին։
Հայաստանում, կարծեմ, կա հայ-ռուս զինվորական «եղբայրության» հուշարձան, Ադրբեջանում՝ ոչ։ Բաքվի վրա ծանրանում էր Կիրովի արձանը, քանդեցին։ Հիմա նույն տեղում բարձրանում է «թուրք ազատարար զինվորի» մոնումենտը։ Մի երեսուն տարի առաջ Հրանտ Մաթեւոսյանը զգուշացնում էր, որ ասքիփարացի թուրք գրողն իրեն ասել է, թե Ադրբեջանի տարածքում երկու «անգլուխ լեշ է թաղված»։ Մեկը՝ ցարական բանակի գեներալ Ցիցիանովի, մյուսը՝ լեռնական ապստամբ Հաջի Մուրադի։
Մենք ադրբեջանական գրականություն կարդո՞ւմ ենք։ Չգիտեմ, բայց Յուսիֆ Չեմենզեմենլի կա, նրան է վերագրվում «Ալի եւ Նինո» վեպի հեղինակային իրավունքը։ Ուրեմն, հերոսը ցարական-ռուսական գիմնազիայի շրջանավարտ Ալի Շիրվանշիրն է։ Բաքվի Իչերի շեհերի իրենց տան կտուրին պառկած՝ նա նայում է խանական ամրոցի ավերակներին եւ զարմանում, թե ինչու ռուսական բանակի գեներալ Ցիցիանովի «անգլուխ լեշը» պիտի իր քաղաքի կենտրոնում, իր ազգային ինքնության ցուցանմուշ՝ Բաքվի խանի նստավայրում թաղված լինի։
Հայ գրականությունը, մշակույթը, քաղաքակրթությունը նման ազդակ, սերունդներին այդքան ստույգ հղում ունի՞։ Ես գոնե չգիտեմ, եթե անգամ խոսքը «Թուրքի աղջիկը» աբովյանական սիրազեղման մասին է։ Թուրքմենչայի պայմանագրի 150-ամյակը մենք ինչպե՞ս ենք նշել։ Աբովյանի ասածով՝ «օրհնվի էն սհաթը» (երեք բառից մեկը թուրքերեն է, ինչպես «Վերք Հայաստանի» վեպի ամբողջ խոսույթը)։ Խորհրդային Ադրբեջանը չի նշել։ (Եթե սխալվում եմ, հակառակն ապացուցեք)։
Եվ ի՞նչ։ Այսօր Հայաստանը՝ «հակառուսական», Ադրբեջանը «մուլտիկուլտուրիզմի» երկիր է։ Ուշադրություն դարձրեք՝ Պուտին-Ալիեւ յուրաքանչյուր հանդիպմանը հատուկ ընդգծվում է, որ Ադրբեջանում «ռուսական դասավանդման երեք հարյուր դպրոց կա»։ Կարեւոր չէ՝ այնտեղ ինչ եւ ինչպես են դասավանդում։ Կարելի է ռուսերենով ուսուցանել Յուսուֆ Չեմենզեմենլիի «Ալի եւ Նինո» վեպը եւ ցարական բանակի գեներալ Ցիցիանովին ասել «անգլուխ լեշ»։ Կարելի է մի հեռավոր, գրեթե անմարդաբնակ գյուղում գտնել լեռնական հրեա-ռուս ամուսիններ, տեսանկարահանել եւ աշխարհով մեկ տարածել, որ Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր է»։
Չի կարելի Հայաստանում աղմուկ բարձրացնել, որ կառավարությունը «Եզդիների մշակութային ինքնավարություն է ծրագրում»։ Դա միայն պետք է ողջունել։ Որովհետեւ եթե Սարդարապատում Ջահանգիր աղայի զորախումբը պաշտպանել է Էջմիածինը, իսկ մենք պետություն ենք այդ հաղթանակի շնորհիվ, ուրեմն եզդիները Հայաստանի պետականակերտ եւ պետականակիր հանրություն են։ Թե չէ մեզ չի օգնի գեներալ Ցիցիանովի «անգլուխ լեշը» Հայաստան բերելու եւ պատվով վերահուղարկավորելու ծեսն անգամ։ Ռուսաստանը գիտի՝ որտեղ են «հորված» իր գեներալները։ Եվ նրանց պանծացնում է այնտեղ եւ այն ժամանակ, երբ ունենում է հստակ ռազմաքաղաքական խնդիր։
Յուսիֆ Չեմենզեմենլիի հերոսը գիմնազիստական շրջանավարտի հանգիստն անցկացնելու համար Բաքվից ուղեւորվում է․․․ Շուշի։ Այնտեղ նրան ասում են, որ երկրամասը հին ժամանակներում կոչվում էր «Աղվանք»։ Երբ թուրքերի նախնիները գալիս էին նվաճելու, հեռու լեռներին մեկը ձյուն է տեսնում եւ բացականչում․ «Գարա բախ, գարա» («Ձյուներին նայիր, ձյուներին»)։ Եվ այդ օրվանից էլ կա «Գարաբախ»։ Քանի՞ հայ գիտի Չեմենզեմենլիի այս վեպը։ Քանի՞սս կարող ենք քաղաքակրթական այդ իրողությունը հանրայնացնել։ Ինքնիշխանությունը ռազմաքաղաքականից առաջ քաղաքակրթական է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։