«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնել են, որ 2022-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը եղել է 3,51 միլիոն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը: Ավելին, 2021-ի համեմատ, նախորդ տարի 15%-ով ավելի ուղեւոր է փոխադրվել։
Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի եւ կոնտեյներային բեռների հաշվին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 միլիոն 144 հազար տոննա բեռ, ինչն էլ 3,3%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։ Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը։
Ինչ վերաբերում է ներմուծման հաղորդակցությանը, ապա նախորդ տարի ապահովվել է 39,9% աճ՝ ավելի քան 906 հազար տոննա, հիմնականում երկաթուղում հացահատիկի, նավթալից եւ արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին: Բացի դրանից՝ 2022-ին ընկերությունը փոխադրել է 501 հազար ուղեւոր, ինչը 15%-ով ավելի է 2021-ի ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղեւոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղեւոր։
Ընկերության ներդրումների ծավալը 2022-ին կատարվել է ամբողջ ծավալով՝ 3,8 միլիարդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները եղել են մոտ 2,9 միլիարդ դրամ, իսկ շարժակազմում՝ մոտ 900 միլիոն դրամ։