Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժություններից Հայաստանի հրաժարվելու հարցին, հայտնել է, որ դրա վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ «ՀՀ վարչապետը բավական նոր հայտարարություն է արել։ Կարծում եմ ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզաբանեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է։ Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են»,- ընդգծել է Պեսկովը։
Զորավարժություններն անցկացնելուց հրաժարվելու մասին ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Փաշինյանը։
ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունները, որոնք նախատեսվում էր անցկացնել 2023 թվականին Հայաստանի տարածքում, կարող են անցկացվել այլ պետություններում: Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը հաստատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն է ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժության աննպատակահարմարության մասին:
Շտաբից նշել են, որ ներկայում մշակվում են առաջարկներ ՀԱՊԿ այլ անդամ պետությունների տարածքում նման զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին։ Քննարկվում է նաեւ 2023 թվականի համար ՀԱՊԿ կառավարման մարմինների եւ կազմավորումների համատեղ պատրաստման ծրագրի հստակեցումը։