Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին պատգամավոր եւ կանանց իրավունքների համար պայքարող ականավոր գործիչ Ֆաեզեհ Հաշեմի Ռաֆսանջանին հակակառավարական գործողությունների կոչերի համար հունվարի 9-ին դատապարտվել է 5 տարվա բանտարկության։
Ըստ նրա փաստաբան Նիդա Շամսի՝ 1989-1997 թվականներին Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին եւ բանտարկվել Էվինի բանտում։ Իրանական արդարադատությունը 60-ամյա ակտիվիստին մեղադրել է նաեւ երկրի անվտանգության դեմ դավադրության եւ կառավարման գոյություն ունեցող համակարգի դեմ քարոզչության համար։
Հաշեմի Ռաֆսանջանին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է անօրինական հավաքների մասնակցելու համար։ Նրան արգելվել է զբաղվել քաղաքական եւ մշակութային-լուսավորչական գործունեությամբ։ Իբրեւ լրացուցիչ պատիժ՝ նախկին պատգամավորին երկու տարով արգելել են սոցցանցերում որեւիցե գործունեություն ծավալել։
Իրանի իշխանությունները 2022-ի նոյեմբերի 28-ին էլ ձերբակալել են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհուն՝ Ֆարիդե Մուրադխանիին, երբ վերջինս օտարերկրյա կառավարություններին կոչ է արել խզելու կապերը Թեհրանի հետ: