Հայաստանում 2022 թվականին գնաճը եղել է 8,6 տոկոս։ Ընդ որում՝ ամենաբարձր թանկացումը գրանցվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում՝ 13 տոկոսով։
Վիճակագրական պետական կոմիտեն այսօր հրապարակել է անցած տարվա գնաճի տվյալները, որոնց համաձայն՝ հաջորդ խոշոր թանկացումը 2021 թվականի համեմատ եղել է հանգստի եւ մշակույթի ոլորտում՝ 12,5 տոկոս։ Երրորդ տեղում հագուստի և կոշիկի գներն են, որոնք անցած տարի աճել են 9,1 տոկոսով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ վառելիքի այլ տեսակների ապրանքային խմբում թանկացումը եղել է 6,3 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ամենաքիչը թանկացել է կապը՝ 0,4 տոկոսով։
Այդպիսով 2022 թվականի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը եղել է 0.7 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ):
Ամենաբարձր գնաճը գրանցած սննդամթերքի խմբում ամենաշատը թանկացել է կաթնամթերքը. խտացրած կաթը՝ 30,7 տոկոսով, պանիրը՝ շուրջ 20 տոկոսով, կաթը՝ ավելի քան 11 տոկոսով։ Տավարի միսը թանկացել է 25,3 տոկոսով, հացը՝ 14,3 տոկոսով:
2022-ի հունվար-դեկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11,5 եւ 37,1 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաեւ ԵԱՏՄ երկրներում գրանցված գնաճը, բայց ոչ թե տարվա կտրվածքով, այլ 2022-ի դեկտեմբերի՝ 2021-ի դեկտեմբերի համեմատ։ Այդ ամսին ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը եղել է Հայաստանում՝ 7,7 տոկոս, ամենաբարձրը՝ Ղրղզստանում՝ 11,2 տոկոս։ Ռուսաստանում եւ Բելառուսում թանկացումը եղել է նույն չափով՝ 8,4 տոկոսով, Ղազախստանում՝ 10 տոկոսով։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։