ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարի 10-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը:
ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի միջեւ համատեղ հռչակագիրը նպատակ ունի է՛լ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով երկու կազմակերպությունների միջեւ նախորդ հռչակագրերի ստորագրումից (2016 եւ 2018 թվականներին) հետո համագործակցության աննախադեպ առաջընթացի վրա: Առաջնորդները որոշել են անդրադառնալ աճող աշխարհառազմավարական մրցակցությանը, կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանությանը:
Աշխատանքի այլ առաջնահերթ ոլորտները կլինեն նոր ստեղծվող եւ բեկումնային տեխնոլոգիաները, տիեզերքը, կլիմայի փոփոխության հետեւանքները, ինչպես նաեւ արտաքին միջամտությունը: Ստոլտենբերգը Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններից հետո անվտանգային միջավայրի փոփոխության համատեքստում կարեւորել է ՆԱՏՕ-ԵՄ համագործակցությունը: Նա շեշտել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին անդամակցությունից հետո ՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունն ավելի կարեւոր կդառնա, եւ ՆԱՏՕ-ն հուսալիորեն կպաշտպանի Եվրամիության բնակչության 96%-ին: