Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ ԱՄՆ արտագաղթած նախկին ռազմական վետերանները եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար։ Նամակում նշվել է, որ Սաակաշվիլին սարսափելի վիճակում է եւ բժշկական օգնություն չի ստանում, ինչը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը:
Ըստ նամակի հեղինակների՝ երրորդ նախագահ Սաակաշվիլին ժողովրդավարական եւ խաղաղ ճանապարհով Վրաստանի նախագահի լիազորությունները փոխանցել է իր իրավահաջորդին: Այնուամենայնիվ, Վրաստանի նոր կառավարությունը միավորվեց Ռուսաստանի հետ եւ սկսեց հիմնական պետական կառույցները, դրանց թվում՝ պաշտպանության նախարարությունը քաղաքականացնելու արշավ:
Նամակի հեղինակները նշել են, որ վիրավորված են նախկին գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքից։ Ըստ նրանց՝ Միխեիլ Սաակաշվիլին 2008-ին կանխատեսել էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Քանի որ Ուկրաինայի հաղթանակը կնշանակի արեւմտյան արժեքների եւ ժողովրդավարության հաղթանակն աշխարհում բռնապետության եւ ահաբեկչության նկատմամբ, Սաակաշվիլիի մահը աղետ ու հուսահատություն կբերի նրանց, ովքեր հավատում են ԱՄՆ-ի եւ ԵՄ ինստիտուտներին…
«Ե՛վ վրացական, ե՛ւ ռուսական հեռուստաընկերությունները բացահայտորեն ծաղրել են երրորդ նախագահին՝ օգտագործելով կեղծ մեղադրանքներ եւ տեսագրություններ։ Այս զազրելի գործողություններն իրականացրել է մի կառավարություն, որը փորձում էր վարկաբեկել Սաակաշվիլիին՝ Պուտինի բարեհաճությունը շահելու համար»,- ասված է նամակում։