Թուրքիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Մուստաֆա Շենթոփի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։
Իրան խորհրդարանի նախագահը հերթական անգամ շեշտել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում քաղաքական աշխարհագրության եւ սահմանների ցանկացած փոփոխության: Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում կայունությունը կախված է տարածաշրջանի երկրների մտերմությունից եւ գործակցության դինամիկայից: Ղալիբաֆը նաեւ հավելել է, որ ոչ տարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն Հարավային Կովկասի գործերին:
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ առկա խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության միջոցով՝ բացառելով ցանկացած արտաքին միջամտություն: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ Շենթոփը նշել է, որ Անկարան մի կողմից աջակցում է եւ շարունակելու է աջակցել Ադրբեջանին, մյուս կողմից էլ Հայաստանի հետ կարգավորման գործընթաց է սկսել։ Սահիբա Գաֆարովան էլ ընդգծել է, որ Ադրբեջան-Իրան շփումները նպաստում են տարածաշրջանում կայունության հաստատմանը: Նա նաեւ ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված՝ Ադրբեջանի տեսլականը։
Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներոում գործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Թեհրանում կամ Բաքվում։