ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022-ի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի Ադրբեջանի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
«Հայկական կողմը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի իբր բնապահպանական հիմնավորումները եւ հնչող մեղադրանքները կեղծ են: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որեւէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ արտգործնախարարը զրուցակցին է ներկայացրել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: