Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ նա ուշադրությամբ հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։ Օսմանին կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը եւ կառուցողական ու արդյունավետ երկխոսություն սկսել։
ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը եւ երկրների միջեւ վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային են ստեղծված խնդիրները հաղթահարելու համար։ Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու եւ կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։