ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի համաձայնությամբ։
«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտական շփումներ են տեղի ունենում: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։
Ռուսական ТАСС գործակալությունը մեջբերել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի խոսքերը, որը նախօրեին հայտարարել էր, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը կարող է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղ բազմազգ առաքելության ուղարկումը, եթե ինքը «ի վիճակի չէ կատարելու իր պարտավորությունները»։