Շեյխ Սայիդ [Սերգեյ] Իսմագիլովը ուկրաինացի կրոնական եւ հասարակական գործիչ է, Ուկրաինայի մահմեդականների մուֆթին, Իսլամագիտական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի նախագահը։ 2022 թվականի փետրվարի 23-ից թողել է հոգեւոր պաշտոնը եւ անցել զինվորական ծառայության որպես վարորդ-բուժակ։
2022 թվականի փետրվարի 24-ին փոխվեց ոչ միայն իմ կյանքը, այլ նաեւ ամբողջ Ուկրաինայի՝ իմ հայրենիքի կյանքը, եւ հավանաբար աշխարհի մասշտաբով եւս ինչ-որ բան տեղի ունեցավ, փոխվեց նաեւ մարդկության պատմությունը։
Առավոտյան չորսն անց կեսին արթնացանք հրթիռային պայթյուններից, ռուսական հրթիռներ էին, որոնք հարվածում էին նաեւ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւին, եւ այդ պահից մենք ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ: Եվ եթե մինչեւ փետրվարի 24-ը ես մուֆթի էի, դրանից հետո ստիպված եղա պաշտպանել իմ երկիրը, դա իմ պարտքն է։ Իսլամը ոչ միայն դա թույլ է տալիս, այլ նաեւ խրախուսում է յուրաքանչյուր տղամարդու լինել իր երեխաների ու ընտանիքի, իր ժողովրդի ու իր երկրի պաշտպանը:
Եվ գաղտնիք չէ, եթե ասեմ, որ մենք պատրաստ էինք ու պատրաստվում էինք այս պատերազմին։ 2021 թվականի դեկտեմբերից ես՝ որպես կամավոր, մարզվում էի տարածքային պաշտպանության գումարտակում, եւ մեր հրամանատարներն ասում էին, որ եթե Ռուսաստանը պատերազմ սկսի, դա կլինի փետրվարի 20-ից հետո։ Ավելի վաղ նրանք պատրաստ չէին լինի լայնամասշտաբ ներխուժման, իսկ ավելի ուշ հարձակումն այլեւս իմաստ չէր ունենա։ Հետեւաբար փետրվարն այն ժամանակահատվածն էր, որ մենք սպասում էինք, եւ իսկապես առավոտը սկսվեց հրթիռակոծությամբ, ու ես ստիպված էի թողնել իմ կրոնական գործունեությունը:
Մենք չենք մտել Ռուսաստանի տարածք, մենք չենք սպանում Ռուսաստանի քաղաքացիներին: Նրանք են եկել մեր երկիր, հասկանո՞ւմ եք, եկել են մեր տները, մեր ընտանիքների ու երեխաների մոտ, ինչո՞ւ:
Փաստորեն փետրվարից սկսած՝ իմ ՏՊ գումարտակի հետ սկսեցինք Կիեւից ու Կիեւի շրջանից դուրս բերել վիրավորներին, երբ կատաղի մարտեր էին ընթանում Գոստոմելի, Բուչայի, Իրպինի համար։ Բուժաշխատողների հետ տարհանում էինք վիրավոր մարտիկներին, խաղաղ բնակչությանը եւ նույնիսկ ստիպված եղանք տարհանել լքված ընտանի կենդանիներին, որոնց կամավորները պարզապես հավաքում էին փողոցներից ու տեղափոխում Կիեւի հատուկ կացարաններ։
Այսինքն՝ ես դադարեցրի մուֆթիի իմ գործունեությունն արդեն մարտին եւ գործում էի Ուկրաինայի զինված ուժերի կազմում։ Փաստն այն է, որ ես չեմ զբաղվում հակառակորդի վրա կրակելով, այլ զբաղվում եմ վիրավորներին ու տուժածներին փրկելով, որպեսզի այս մարդիկ ողջ մնան։ Եվ գիտեք, իսկապես շատ քիչ տարբերություն կա այս մինբարի եւ շտապօգնության մեքենայի միջեւ:
Եթե այս ամբիոնից փորձում եմ հոգեպես փրկել մարդկանց, ապա շտապօգնության մեքենայում ես ոչ միայն հոգեպես, այլ նաեւ իմ ձեռքերով եմ փորձում փրկել նրանց։ Ես դեռ բուժաշխատող չեմ, թեեւ արդեն ավարտել եմ վերապատրաստման դասընթացը։ Ես դեռ վարորդ եմ, եւ իմ խնդիրն է օգնել բուժաշխատողին հնարավորինս արագ վիրավորին հասցնելու հիվանդանոց, որպեսզի չկորցնենք նրան եւ ողջ հասցնենք վիրահատական սեղան՝ վիրաբույժի մոտ:
Աշխատելիս, օգնություն ցույց տալիս պետք է մարդու հետ խոսել, որ ձայնդ լսի ու հանգստանա, որ իրեն կօգնենք, որ ինքը ողջ կմնա, որ ամեն ինչ լավ կլինի, որ արդեն դադարեցրել ենք արյունահոսությունը, հարցնում ենք անունը, իր երեխաների անունները: Այսինքն՝ պետք է զրուցել վիրավորի հետ, որ գիտակից մնա։
Ես բացահայտեցի, որ վիրավորին փրկելն իրականում շատ ավելի կարեւոր է, քան պարզապես ամբիոնից քարոզելը: Ամբիոնից քարոզում ես առողջ մարդկանց համար, նրանց տալիս որոշակի ցուցումներ, հոգեւոր արժեքներ, սա կարեւոր է։ Բայց երբ այդ հոգեւոր արժեքներին զուգահեռ քո ձեռքերով օգնում ես ծայրահեղ վիճակում գտնվող մարդուն, սա առավել քան կարեւոր է։
Մեր ուկրաինական բանակը թշնամու բանակից տարբերվում է կարեկցանքով. մենք նույնիսկ թշնամուն՝ որպես մարդու, պատրաստ ենք փրկելու։ Փրկում ենք ու հետո փոխանակում մեր գերու հետ։ Մեր զինվորը գերության մեջ է, իսկ մենք այս մարդուն կփրկենք ու կփոխանակենք մեր զինվորի հետ։ Այս գաղափարը հանգստացնում էր ինձ եւ ուժ տալիս, որ հնարավորինս արագ օգնություն ցույց տանք թշնամու զինվորին։ Ոչ թե այն պատճառով, որ մենք նրան շատ ենք սիրում, այլ որովհետեւ մենք սիրում ենք մեր զինվորին:
Ուկրաինան ինքնիշխան անկախ պետություն է, լիիրավ պետություն, եւ Ռուսաստանը իրավունք չունի՝ ո՛չ միջազգային, ո՛չ Աստծո, ո՛չ մարդկային իրավունք, այստեղ մեզ ինչ-որ ապաազգայնականացնելու, ինչ-որ բան անելու։ Ռուսաստանի իշխանությունների իրավասությունը գործում է բացառապես Ռուսաստանի տարածքում։ Ռուսաստանի տարածքից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում, նրանք ինչ-որ բան անելու որեւէ իրավունք չունեն: Մենք ինքներս կորոշենք:
Մենք ունենք բացարձակ առողջ հասարակություն եւ բացարձակ առողջ քաղաքացիներ։ Մեզ այստեղ ոչ մի ապաազգայնականացում պետք չէ, մեզ ոչինչ պետք չէ։ Ընդհանրապես այս ամբողջ խոսակցությունը պարզապես պատերազմի պատրվակ է։ Այսինքն՝ ագրեսորը փորձում է գտնել գեղեցիկ արտահայտություններ, որոնք կարդարացնեն այս պատերազմը, սպանություններն ու ագրեսիվ գործողությունները։
Դե, առաջին հերթին սա իրենց ներքին ընտրազանգվածի, ռուսաստանյան ռադիոլսողի ու հեռուստադիտողի, ինչպես նաեւ որոշակի արտաքին լսարանի համար է։ Հասկանալի է, որ երկրների մեծ մասը՝ արտաքին լսարանը,
չի հավատում Ռուսաստանին։ Ներքին լսարանը զանգվածային քարոզչության շնորհիվ հավատում եւ աջակցում է այս քաղաքականությանը, թե՛ բանակի, թե՛ իշխանությունների գործողություններին եւ այլն։
Ինչ վերաբերում է մեր երկրին, մենք ունենք շատ առողջ հասարակություն։ Տասնյակ ազգություններ են ապրում Ուկրաինայի տարածքում։ Նրանք միայն ուկրաինացիներ չեն, նրանք նաեւ Ղրիմի թաթարներ են, մոլդովացիներ են, հրեաներ եւ ռուսներ են՝ այդ թվում: Մենք նաեւ հայկական սփյուռք ունենք: Ես նույնիսկ ծանոթ եմ հայկական սփյուռքի ղեկավարին։
Մեր երկրում ապրում են տարբեր կրոնների հետեւորդներ, կան տարբեր եկեղեցիներ, այդ թվում՝ հայկական եկեղեցին Կիևում։ Ես քահանային էլ եմ ճանաչում։ Մենք բոլորս հիանալի ապրում էինք, պահպանում էինք գերազանց հարաբերություններ, մասնակցում էինք բարեգործական ու մշակութային միջոցառումների։ Եվ բոլորիս համար զարմանալի էր, որ Ռուսաստանը Ուկրաինային համարում է անառողջ երկիր։
Իրականում Պուտինը երբեք չի էլ թաքցրել, որ ԽՍՀՄ փլուզումն իր համար անձնական ողբերգություն էր։ Եվ սկզբունքորեն այս ռեւանշիստական տրամադրությունները Ռուսաստանում շատ ուժեղ են։ Նրանք ցանկանում են վերականգնել Խորհրդային Միությունը, եւ ախորժակը գնալով մեծանում է։ Նրանք նույնիսկ ցանկանում են վերականգնել Վարշավայի պայմանագիրը։ Նրանք արդեն ասում են, որ պատրաստ են պատերազմելու Լեհաստանի եւ Եվրամիության այն երկրների հետ, որոնք նախկինում եղել են Վարշավայի դաշինքում։
Պատերազմի հենց սկզբում ես իմ տեսաուղերձն ուղղեցի Ռուսաստանի մուսուլմաններին, հիշեցրի նրանց այս մասին։ Ես ասացի՝ մի՛ եղեք մարդասպան, ագրեսոր։ Դուք պատասխանատու եք Աստծո առաջ ձեր արարքների համար: Ռուս կրոնական առաջնորդներն, իհարկե, ինձ դատապարտեցին այս կոչի համար, փորձեցին հակափաստարկներ գտնել։ Բայց ի՞նչ հակափաստարկներ կարող են լինել, երբ նրանք են եկել մեր երկիր, երբ երեխաներ, կանայք ու ծերեր են զոհվում, երբ ամենուր թալան է ու բռնաբարություններ։
Դե, կներեք, դուք լավություն անելու համա՞ր եք եկել այստեղ։ Չէ՞ որ իրականում այդպես չէ։ Իրականում դուք միայն մեղք եք գործում, ցավ, մահ, տառապանք եք տարածում։ Ի՞նչ պատասխան եք տալու Ամենակարող Ալլահին: Հասկանալի չէ, պատասխան չկա։
Հետեւաբար ես հավատում եմ, որ կարող եմ ավելին անել այս ծայրահեղ իրավիճակում եւ կայացրել եմ իմ այս որոշումը։