Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ հունվարի 12-ի առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել եւս երեք բուժառու՝ երկու ուղեկցողների եւ մեկ բուժքրոջ հետ։ Հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Արցախի Հանրապետական ԲԿ-ից երեք հիվանդներ են տեղափոխվել ՀՀ՝ «Հղիություն առաջին, 13-14 շաբաթական, զույգ, պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա, վիճակ արտամարմնային բեղմնավորումից հետո», «Թիմոմա, վիճակ թիմէկտոմիայից հետո՝ աջից, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում, մեզոթելիոմա» եւ «Ձախակողմյան բնածին ծուռթաթություն, մնացորդային էքվինուսային դեֆորմացիա» ախտորոշումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Արեւիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ։