ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երեւանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ «Հունվարի 10-ին անցկացված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության եւ Արեւմուտքի կողմից առաջ մղվող հակամարտության համալիր լուծման մասին»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջը հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։ «Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծելու բարձր մակարդակով եւ եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա մտավարժանքներով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը»,- շեշտել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են նաեւ, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երեւանի համաձայնությունը հիմնվել է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022-ի հոկտեմբերին Պրահայում անցկացված գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ: «Դա արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ: Այդ ժամանակ ԼՂ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացում»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։