Երկու օր առաջ հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը խոսել է «նստած, հստակ ու վստահ»: Նա, օրինակ, ասել է. «Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչեւ տարեվերջ (2022) մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի է սպասում Հայաստանը՝ հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների՞, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բա՞ն է խոստացել»:
Դրանից հետո նա ասել է, որ Հայաստանը մեկ տարի ժամանակ ունի խաղաղության պայմանագրի համար, այլապես «սահմանն անցնելու է այնտեղով, որտեղ մենք հարմար ենք համարում»: Այսինքն՝ Ադրբեջանի պատերազմի արսենալը պատրաստ սպասում է ներխուժման:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը:
Հայաստանը Ռուսաստանի վրա չի կարող հույս դնել, Ամերիկան ու Ֆրանսիան համարյա պատճառ չունեն օգնելու պորտալարով ՀԱՊԿ-ին կապված Հայաստանին, որն ինքը ՀԱՊԿ-ի հետ ոչ մի հույս չի կապում:
Իրանը երկու օր առաջ ասաց, որ Ադրբեջանի հետ բոլոր թյուրիմացությունները հարթված են: Թուրքիան նույնպես սպասում է, որ Հայաստանը քարը փեշից թափելու է: Բոլորը սպասում են, սպասում է նաեւ… Հայաստանը:
Ընդ որում այնպես չէ, որ բոլորը սպասում են, թե ինչ է անելու Հայաստանը, նրանք գիտեն Հայաստանի անելիքը, բայց ուզում են հասկանալ՝ Հայաստանն ինքը գիտի՞: Ուրեմն ինչի՞ է սպասում Հայաստանը:
Որպեսզի սա հասկանանք, պիտի հասկանանք նաեւ, թե արդյոք Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը կհարձակվի, նույնիսկ կներխուժի, գուցե նույնիսկ վերցնի Սյունիքի միջանցքը: Բայց դրանից հետո նա ընդհանրապես կփակի խաղաղության պայմանագրի դուռը եւ կամ ստիպված կլինի գրավել ամբողջ Հայաստանը, որպեսզի փակի հետագա էսկալացիայի թեման կամ անընդհատ մտնի բանակցությունների մեջ՝ բաց պահելով հաջորդ պատերազմի դուռը:
Մյուս կողմից հարձակումով Ադրբեջանը «բազարի» թեմա է սարքում մեր տարածքները վերադարձնելու գնով իր ուզածը ստանալու հարկադրանքը: Երկրորդ՝ Հայաստանը վերջնականապես ընկնում է Ռուսաստանի գիրկը, որովհետեւ մեր բանակն այդպես էլ իր ուզած շունչը չքաշեց վերակազմակերպվելու, վերազինվելու համար:
Քանզի ուրիշ «գիրկ» չկա եւ չի լինելու:
Հարցն այն է, որ հենց այսպիսի սցենարի մեջ է այն հարցի պատասխանը, թե ինչի է սպասում Հայաստանը: Այս հարցին պատասխանելը պետական դավաճանության շրջանակներից է՝ Հայաստանը սպասում է, որ Ադրբեջանն ինքը «կլուծի» մեր հարցերը, քանի որ մենք չենք կարող միջանցք տալ, վերադարձնել անկլավներ եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղով, բայց չունենք մերը պնդելու ռեսուրս:
Մենք չունենք բանակ, չունենք դաշնակիցներ, որոնք կզսպեն Ադրբեջանին: Ադրբեջանն ինքն է պատերազմով լուծում այդ հարցերը ու մեզ ազատում նվաստացուցիչ բանակցություններից, որոնք որ կողմից էլ նայես, մեզ դնում են մի վիճակի մեջ, երբ «երեկ լավ էր, քանց վուր էսօր»:
Հենց այս լուծումը նկատի ունի Ալիեւը, երբ ասում է, թե «սահմանն անցնելու է այնտեղով, որտեղ մենք հարմար ենք համարում»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: