ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի՝ օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում արած հայտարարություններին, նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է միջազգային հանրության առջեւ ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։
Կոնգրեսականի համոզմամբ՝ կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի եւ դեղորայքի կենսական մատակարարումների իրականացումը: «Անհանգստացնող է, որ Ալիեւը ողջունում է «ազատ խոսքը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին սպառնալու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փալոնը։
Ֆրենք Փալոնն ընդգծել է, որ մարդածին այս աղետը դադարեցնելու համար ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի իր գործընկերների հետ ԱՄՆ պետդեպին ու համաշխարհային առաջնորդներին մղել է լուրջ քայլեր ձեռնարկելու։ «Առաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Չենք կարող անմասն մնալով հետեւել՝ ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում։ Կարողություններիս սահմանում անելու եմ ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ը օգտագործի ցանկացած հնարավոր դիվանագիտական գործիք՝ վերջ տալու այս դաժան շրջափակմանը»,- շեշտել է Փալոնը։