«Ֆեյք նյուզ» եզրույթը թեեւ վերջերս է սկսել լայնորեն կիրառվել, սակայն այն բոլորովին էլ նոր չէ։ Սոցիալական մեդիայի բազմաթիվ հարթակների ստեղծումը ֆեյք նյուզի տարածման համար հիանալի հնարավորություն է ընձեռել։ Այստեղ չխճճվելու համար նախ եւ առաջ կարեւոր է հասկանալ, թե ինչ է ֆեյք նյուզը, եւ ինչ տեսակներ կան։
Հայերենում այն ունի մեկ ընդհանուր անվանում՝ ապատեղեկատվություն։ Միջազգայնորեն ընդունված են դեզինֆորմացիա (disinformation) եւ միսինֆորմացիա (misinformation) եզրույթները։ Դեզինֆորմացիան ապատեղեկատվության այն տեսակն է, որը ստեղծվում եւ տարածվում է միտումնավոր՝ որեւէ հստակ նպատակով։ Սրան հակառակ՝ միսինֆորմացիան թեեւ նույնպես ապատեղեկատվություն է, բայց առանց դիտավորության, օրինակ՝ փաստերը խորապես չուսումնասիրելու կամ պարզապես չիմացության հետեւանքով։ Կեղծ տեղեկատվության մասին խոսելիս խրախուսելի է օգտագործել հենց այս բառապաշարը, քանի որ «ֆեյք նյուզ» եզրույթը բավականին ընդհանուր եւ լղոզված է։
Կեղծ տեղեկություն պարունակող բովանդակությունը, որպես կանոն, ունենում է շոկային, էմոցիոնալ եւ ուշագրավ վերնագիր, հենց սրանց շնորհիվ է, որ բազմաթիվ օգտատերեր սոցիալական ցանցերում հավանում կամ տարածում են դրանք՝ այդպիսով խթանելով դեզինֆորմացիայի տարածումը։
Ճիշտ տեղեկությունը կեղծից տարբերելու համար կան մի քանի եղանակներ։ Առաջին հերթին, եթե արդեն իսկ վերնագիրը կամ լուսանկարը կասկածելի է թվում, պետք է ուշադրություն դարձնել կայքին, որտեղ նյութը հրապարակված է։ Եթե կայքի անվանումը թվում է տարօրինակ, դոմեինը ծանոթ չէ, մյուս նյութերը նույնպես ունեն նման վերնագրեր, ապա սրանք հուշում են, որ գործ ունենք դեզինֆորմացիայի հետ։ Սովորաբար վստահելի եւ իրական կայքէջերն ունեն համակարգված բովանդակություն, լավ դիզայն, աշխատում են արագ։
Ի՞նչ աղբյուրներ կան նյութում, ինչո՞ւ պետք է հավատամ այս տեղեկությանը։ Ցանկացած արժանահավատ լուր կամ հոդված պարունակում է աղբյուրների մասին տեղեկություն, հղումներ, որոնք թույլ կտան պարզել լուրի սկզբնաղբյուրը։ Օրինակ, եթե հանդիպել եք որեւէ կասկածելի լուրի, որտեղ որպես սկզբնաղբյուր նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO), ապա անպայման պետք է ստուգել նրանց պաշտոնական էջը, եթե այնտեղ չգտնեք այդ տեղեկությունը, ուրեմն լուրը, որ կարդացել եք, հնարովի է։
Ամեն դեպքում, եթե արդեն կատարել եք վերը նշված քայլերը, բայց դեռ չեք կողմնորոշվում՝ լուրը կե՞ղծ է, թե՞ ոչ, ապա ժամանակն է այդ տեղեկությունը փնտրելու այլ վստահելի կայքերում, եւ եթե որոնումը որեւէ արդյունք չի տալիս, ուրեմն այդ տեղեկությանը չարժի հավատալ։ Առհասարակ կարիք չկա հետեւելու հարյուրավոր կայքերի, մի քանի վստահելի լրատվամիջոցներին հետեւելը ինֆորմացված լինելու համար լիովին բավարար է. եթե որեւէ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որը «ցնցել է աշխարհը», դրա մասին դուք անպայման կիմանաք։
Յուրաքանչյուր լուր, հոդված կամ սոցցանցային հրապարակում կարդալիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հրապարակման ամսաթվին։ Հաճախ է պատահում, որ ինչ-որ արտակարգ իրադարձության ֆոնին տարածվում են հրապարակումներ, որոնք արվել են մի քանի տարի առաջ, եւ տվյալ պահին դրանք որեւէ արժեք չունեն։
Ապատեղեկատվություն չպետք է փնտրել միայն տեքստերում, վիզուալ բովանդակությունը եւս դեզինֆորմացիայի տարածման համար նպաստավոր միջավայր է։ Լուսանկարները հեշտությամբ կարելի է ձեւափոխել, կտրել համատեքստից, եւ առաջին հայացքից այն կասկած չի հարուցի։ Այս դեպքում կան փաստերի ստուգման մի քանի գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել։ Օրինակ՝ Գուգլի նկարի հետադարձ որոնման (Google reverse image search) միջոցով կարելի է փնտրել կասկածելի լուսանկարը, եւ եթե այն ձեւափոխված է, ապա իրական տարբերակը որոնման արդյունքներում անպայման կլինի։
Հնարավոր է նաեւ ընդհանրապես չձեւափոխել լուսանկարը, փոխարենը մեկ այլ վայրում մեկ այլ ժամանակ արված լուսանկարը ներկայացնել լիովին այլ մեկնաբանությամբ։ Այս դեպքում դժվար է ասել՝ այն դեզինֆորմացիա՞ է, թե՞ միսինֆորմացիա, քանի որ շատերը կարող են տարածել առանց որեւէ կասկածի կամ դիտավորության։ Նման պարագայում TinEye փաստերի ստուգման գործիքի միջոցով կարելի պարզել, թե առաջին անգամ համացանցում երբ եւ որտեղ է հրապարակվել լուսանկարը։
Ապատեղեկատվության շղթան կոտրելու համար վերը նշված բոլոր քայլերը կարեւոր են, սակայն առանց քննադատական մտածողության՝ անօգուտ։ Ցանկացած տեղեկություն համացանցում կարդալուց եւ տարածելուց առաջ պետք է մտածել՝ եթե ես սա իրական կյանքում լսեի, կհավատայի՞, եթե ոչ, ապա ինչո՞ւ պիտի հավատամ այստեղ, անգամ եթե հազարավոր մարդիկ հավանել են այն։
Ռիմա Գրիգորյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: