ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման աշխատանքները՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Նա նշել է, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն, ՊՆ-ն եւ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետեւողական քայլեր են ձեռնարկում լարվածության թուլացման համար․ անհրաժեշտ է գտնել ընդունելի լուծումներ բոլոր կողմերի համար։
«Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ։ Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ մեր խաղաղապահների դեմ հարձակումներն ու հրապարակային սադրանքներն անընդունելի են։ Նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներն են։ Նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ կարգավորման գործընթացին»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծին՝ Զախարովան նշել է, որ կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչությունը մանրամասն պարզաբանում է տվել։ «Մոսկվան տրամադրված է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջն իրավիճակի առարկայական կարգավորմամբ»,– ընդգծել է նա։ Զախարովան հավելել է, որ Ռուսաստանն աջակցում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի գործունեությանը եւ պատրաստ է ամեն կերպ աջակցելու, այդ թվում՝ քարտեզագրական նյութերի տրամադրմամբ։