Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախում մալուխի վնասվելու պատճառով խափանվել է ինտերնետ կապի մատակարարումը։ Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսեւդոբնապահպանները։
Թարմացում
Ավելի ուշ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Արցախում ինտերնետ ծառայությունը վերականգնվել է։ «Այս պահին ինտերնետ ծառայությունը վերականգնվել է, իսկ թե ինչ կլինի հետո, չգիտենք»,–նշել է Ավանեսյանը։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ կատարել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: Քանի որ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, իսկ Արցախի էներգետիկ հզորությունները չեն բավարարում ներքին պահանջարկը լրացնելու համար, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով: