Ըստ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքի՝ ԵԽԽՎ-ի՝ 2023-ի ձմեռային լիագումար նստաշրջանում կներկայացվի հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հաշվետվությունը։
Զեկույցը կներկայացվի Եվրոպայի Խորհրդի տարածքում կոնֆլիկտային տարածաշրջաններում ԵԽԽՎ մոնիտորինգի մասին ամփոփ զեկույցի շրջանակում:
Զեկույցում նշվում է, որ 2022-ի հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին նոր բախումներ են գրանցվել։ Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ տանող գազատարը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության հատվածում։ Ադրբեջանը հրաժարվել է վնասված հատվածի հասանելիություն տալ Հայաստանին։ 10 օր անց գազամատակարարումը վերականգնվել է։
Մեկ շաբաթ անց՝ մարտի 24-ին, հրադադարի մասին համաձայնագիրը խախտվել է, իսկ ադրբեջանական զորքերը շարժվել են դեպի ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է, որ Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է հրադադարը։
Սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական զինված ուժերը հարձակում են ձեռնարկել սահմանի երկայնքով եւ առաջ շարժվել դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք՝ օգտագործելով հրետանի եւ անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ հարվածները հասցվել են հայկական կողմի «լայնածավալ սադրանքներից» հետո:
Հոկտեմբերի 10-ին մոնիտորինգային կոմիտեի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ն քննարկումներ է անցկացրել սեպտեմբերյան բախումների եւ քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների վրա հարվածների հարցերի շուրջ:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ լքելու Հայաստանի Հանրապետության տարածքը եւ ազատ արձակելու ռազմագերիներին:
Զեկույցի ամփոփագրում նշվում է, որ Հայաստանի հարցով զեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորյանա Օբերգը (Շվեդիա), ինչպես նաեւ Ադրբեջանի հարցով զեկուցողներ Յեն Լիդել-Գրեյնջերը (Մեծ Բրիտանիա) եւ Լիզա Քրիստոֆերսենը (Նորվեգիա) շարունակել են հետեւել սահմանային, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացմանը։